Ազգային ժողովի առջև այսօր արտասովոր ակցիա էր իրականացվել: Իսկ նախաձեռնողը Հայաստանի Ժողովրդական կուսակցության անդամ Գրիշա Վիրաբյանն էր, ով պահպանակների մեջ կարտոֆիլ էր լցրել և դրանք կախել ԱԺ դարպասներից:
ArmLur.am-ի թղթակիցը հայտնում է, որ դրանք ուղղված էին ԱԺ ՀՀԿ-ական պատգամավորներ Խոսրով Հարությունյանին և Հակոբ Հակոբյանին, ովքեր օրեր առաջ հայտարարություններ էին արել, որոնք բողոքի մեծ ալիք էին բարձրացրել:
Հիշեցնենք` Հակոբ Հակոբյանը ArmLur.am-ի հետ զրույցում հայտարարել էր, թե թանկացումներն աղքատներին չեն վերաբերում, քանի որ նրանք գումար չունեն, որ առևտուր անեն, իսկ Խոսրով Հարությունյանը հայտարարել էր, որ կարտոֆիլ ուտողների համար պետք է միևնույնը լինի` միսը կթանկանա, թե` ոչ:
Լրագրողների հետ զրույցում Գրիշա Վիրաբյանը հայտարարեց, որ երբ ինքը դեղատնից պահպանակ էր գնում և հայտնում էր, թե ինչի համար է դա նախատեսված, դեղատան աշխատակիցը նրան առաջարկել է ելակի բույրով պահպանակ ընտրել: